Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԿՅԱՆՔԸ ՎԵՐԱՓՈԽՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ Է, ՍԵՓԱԿԱՆ ԱՐԱՐՉԻՆ ԻՐԱՊԵՍ ՆՄԱՆՎԵԼՈՒ ՈՒՂԻ

ԿՅԱՆՔԸ ՎԵՐԱՓՈԽՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ Է, ՍԵՓԱԿԱՆ ԱՐԱՐՉԻՆ ԻՐԱՊԵՍ ՆՄԱՆՎԵԼՈՒ ՈՒՂԻ
16.11.2010 | 00:00

Օլեգ ՊԱՎԼՈՎ (ժամանակակից ռուս գրող)
Դու հարցնում ես ինքդ քեզ` արդյոք կա՞ Աստված, ո՞վ է երկրի վրա ստեղծել բոլոր կենդանի էակներին, մահից հետո ի՞նչ է լինելու հոգու հետ։ Յուրաքանչյուր հավատացյալ կասի` Աստված կա՛, Նա է երկրի վրա ստեղծել կյանքը, իսկ հոգին մահից հետո շարունակում է իր գոյությունը։
Անհավատն էլ կասի` Աստված չկա, բնությունն ամեն վայրկյան ստեղծում է ինքն իրեն, իսկ մահից հետո մնում են միայն հող ու մոխիր։
ՈՒ մեկը հավատում է, որ ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ, մյուսը գիտականորեն ապացուցված է համարում, որ մարդն առաջացել է կապկից։
Բայց կարելի է ըմբոստանալ գիտության դեմ և կասկածի տակ առնել գիտական վերլուծությունը, ինչպես կասկածի տակ են առնում Աստծո արքայությունը և խռովություն բարձրացնում հավատքի դեմ։
Եթե մենք չունենք վերջնական պատկերացում, թե ինչքանով են ճշմարիտ գիտության ասպարեզին վերաբերող մեր գիտելիքները և առկա հայտնագործությունները (քանզի նրանք առաջ են շարժվում մեր անգիտության անթափանցելի խավարի մեջ), ապա իմացությունն Աստծո մասին տրված է Աստվածաշնչում, որը կատարյալ է, և լույս է սփռում այն ամենի վրա, ինչը մարդը երբեք ու երբեք չէր կարող իմանալ իր սեփական մահից առաջ։ Սակայն այդ իմացությունը, ինչպես ամբողջ լայնությամբ բաց արած դուռը, աղմուկով փակվում է անհավատության աքացիով։
Հավատացյալներն ու անհավատները բոլորն էլ էակներ են, այդ պատճառով էլ հավատքի խնդիրը խնդիր է մարդու մասին։ Որպեսզի հասկանան իրենք իրենց, մարդիկ կարող են հնարել այն, ինչը չի եղել, և հավատալ առաջին հանդիպածին ու կարող են ժխտել նույնիսկ այն, ինչը տեսնում են։
Մարդը հասկանում է ինքն իրեն ընդհարման (կոնֆլիկտի) մեջ։ Սակայն կա մի իրողություն, որին բախվում ես ծնվելուց անմիջապես հետո. դա աշխարհի անարդար կարգն է, երբ, օրինակ, մի նորածնի դիմավորում են ծաղիկներով, իսկ մյուսին կյանքի հետնամուտքով տանում են որբանոց։
Կան մարդիկ, և կա աշխարհը, որը ստեղծել են հենց մարդիկ, որտեղ նույնիսկ բնությունն ընդամենը նրա մի մասն է։ Դարեդար մարդիկ վերափոխում են նրա կերպարանքը։ Եթե երկիրը գերաշխարհային ուժերի ստեղծագործություն է, ապա աշխարհի արարիչը, ինչպես և տերը, մարդն է։ Այդ պատճառով մարդու գիտակցությունը, հոգին, կամքը ստեղծագործ զորություններ են ու երբեմն, միավորվելով նույնիսկ մի մարդու ներսում, շարժման մեջ են դնում ժողովուրդներ։ Այդպես է, երբ անձը կատարում է հայտնագործություն, որն ընդունակ է փոխելու ամբողջ աշխարհը։ ՈՒ եթե ամբողջ չարիքն աշխարհում տեղի է ունենում մարդու գործողությունների պատճառով, ապա և ամբողջ բարիքը կարող է կատարվել միայն մեկի միջոցով։
Հավատքի և Աստծո մասին խնդիրը նկատի ունենալով` մարդկային գործունեությունը, ըստ էության, մեր գործողությունների նպատակի և իմաստի խնդիրն է։ Յուրաքանչյուր հավատք ուսուցանում է հիմնականում լոկ մի բան` անշահասիրություն, որը զետեղվելով օրենքների և պատվիրանների մեջ, այստեղ և հիմա դրդում է մարդուն զոհելու սեփական ցանկությունները, բարեկեցությունն ու նույնիսկ կյանքը, հակառակ կենդանի մնալու կենդանական բնազդին։ Բարու և չարի ընդհարումը հոգևոր փրկության և կենդանական կենսակայունության ընդհարումն է, որպես ինքնապահպանման երկու ձգտում։ Ես հասկանում եմ, որ աշխարհն ինքս չեմ ստեղծել, չնայած գործում եմ և կարող եմ ինչ-որ բան փոխել, որովհետև այն թշնամի է և՛ ինձ, և՛ բնությանը, և՛ Նրան, Ով տվել է այլ օրենքներ կյանքի համար և ուղին դեպի փրկություն։ Աշխարհը ստեղծվել է ընդհարումով։ Նրանում ծնվում են մարդիկ, ովքեր ունեն կամք, գիտակցություն և հոգի, և ովքեր գործում են` ենթարկվելով տարբեր բնազդներին։ Ոմանք` փրկության բնազդին։ ՈՒրիշները` կենդանի մնալու բնազդին։
Հոգևոր փրկության օրենքները խրախուսում են հասարակությանը, իսկ մյուսները գործում են թաքուն և հալածվում են որպես հանցավոր։ Բայց հասարակության մեջ կարող են փոխվել բարոյականության մասին հասկացությունները, և այդ ժամանակ կողոպտելն ու սպանելը կհամարվեն բարիք։
Իսկ մարդիկ միշտ կուտակվում են` ոմանք` կազմելով հոտեր, մյուսները` ոհմակներ։ Կենդանի մնալու համար իրար կրծոտում են և ոհմակներում, իսկ ավար դառնում է համարյա ամեն ինչ, որ կարող է երկարացնել կյանքը։ Ողջ մնալու բնազդը մարդկանց ամենից առաջ մղում է բռնության իր նմանների նկատմամբ։ ՈՒժեղ լինելու համար պահանջվում է միայն գտնել ավելի թույլին, այսինքն, ըստ էության, կամքը, որն ուղղված է դեպի բարիք կամ չարիք, դառնում է զորություն կամ թուլություն։ Բարությունը կարող է պաշտպանվել չարիքից, միայն թե նա չի կարող գործել նույն ձևով, որպես և չարը, որից նա փրկվում է։ Այսպիսով, մարդկանցից ոմանք կիսում են աշխարհն ուրիշ մարդկանց հետ, չնայած դա չի էլ կարելի կոչել գոյակցություն։
Ժողովուրդների փոխադարձ ոչնչացումն ի հայտ է բերում իր նմաններին տոտալ (համընդհանուր) ոչնչացնելու նույն բնազդը` ուրեմն, մի՞թե միասնական է մարդկային ցեղն ինքն իր մեջ։ Երբ մենք արդեն ապրում էինք, բայց դեռ չէինք ծնվել և միայն այդ ժամանակ, երբ բոլորս և մեզնից յուրաքանչյուրը չունենալով անձ, ճակատագիր, լինելով պարզունակ օրգանիզմ, նման էինք իրար։ Բայց լինել նշանակում է դառնալ։
Մի պատկերով և նմանությամբ ստեղծվածները ծնվում են ու դառնում` մեկը Կայեն, մյուսը` Աբել։ Կան մարդ-աբելներ և կան մարդ-կայեններ, բայց բաժանված, որպես կենսաբանական տեսակներ` խորքային բաժանվածությամբ, ամենակարևոր բանում` սեփական գոյության նպատակի և իմաստի հարցում։
Ագահը նման չէ առատաձեռն մարդուն։ Պաշտպանը նման չէ զավթիչին։ Սիրող մայրը նման չէ այն մորը, ով սպանում է իր զավակին։ Այլասերվածը նման չէ անմեղ երեխային, ում նա պղծում է։ Նահատակը նման չէ իրեն տանջողին։ Այդ ըմբռնումով, չարիքին բնազդական դիմադարձությամբ, այլ ոչ թե միստիկական ինչ-որ էքստազի մեջ կամ ինչ-որ փիլիսոփայական ճշմարտություններ հասկանալով, մարդիկ հաստատուն և համոզված գալիս են Աստծու մոտ։ Աբելները գալիս են հավատքի, զգալով իրենց տարբերությունը նրանցից, ումից և առաջանում է ամբողջ այդ չարիքը։ Կայենները հեռանում են Սատանայի մոտ։ Աստծո կամոք ստեղծված կամ կապկից առաջացած, նրանք` ոճրագործն ու զոհը, կրկնորդներ են և ոչ թե երկվորյակներ, ու այդ պատճառով մարդու ծագման մասին հարցի պատասխանը, որը տրվում է այսպիսի հակադրության մեջ, ամենևին էլ չի ճշտում դրա աղբյուրը։ Սակայն Աբելն ու Կայենը` սպանվածն ու նրան սպանողը, առաջացել են նույն ընդերքից։ Առաջացել են սիրուց և մարմնական մեղքի պատճառով. մեկն աշխարհ է բերել եղբայրական սեր, մյուսը` մեղք, եղբայրասպանություն։
Բարիք և չարիք. սրանք մարդկանց տարբեր կենսաբանական տեսակների տարբեր հասկացություններ են միևնույն բանի` արդարության մասին։ Մարդիկ վերստեղծում են աշխարհն ըստ սեփական պատկերի ու նմանության` արդարացիորեն ստանալով կյանքը որպես գործելու ազատություն, ու այս աշխարհում նախ և առաջ բազմացնում են իրենց նմաններին։
Մարդը ստեղծվում է ընդերքում, նրա անդորրությամբ։ Այնտեղ նա գոյություն ունի և դեռ չծնված ապրում է լույս աշխարհում։ Հիշյալ դրախտից տվյալ էակը վտարվում է երկունքով։ ՈՒ այդ վտարումը, ըստ էության, պատիժ է, բռնություն, ճչացող անարդարություն։
Առաջին նորածինը երկրի վրա, ըստ աստվածաշնչյան առասպելի, Կայենն էր, Ադամի ու Եվայի առաջնեկը, որն առաջինը զգաց այդ պատիժը, և առաջինը, որ արդեն անարդար աշխարհում, որտեղ նա չէր կարող լինել միակ սիրված զավակը, չսիրեց սեփական եղբորն ու սպանեց։ Այդ վրեժը նույնքան անխուսափելի էր, որքան և պատիժը, երբ նրան «քշեցին» աշխարհ ու անգամ այնտեղ էլ չթողեցին լինել միակ սիրված էակը։ Իսկ Աստված կհարցնի. «Կայե՛ն, որտե՞ղ է քո Աբել եղբայրը»։ Չի՛ անջատի Իրենից, չի՛ պատժի, այլ կբանա այն գաղտնիքը, որ աշխարհում մեղքից ազատվելու հնարավորություն է տրված, ինչը թաքնված է հենց մարդու մեջ` նրա հոգում։ Անխուսափելին, նույնիսկ կատարվածը, կարող է ոչնչի վերածվել, եթե մարդը փրկի հոգին։ Կարծես մարդը մեղավոր չէ, որ սպանել է, այլ մեղքն այն է, որ լռել է կատարածի մասին ու չի փրկել հոգին։
Աստված փրկում է մարդու հոգին, ու մի՞թե դա չի նշանակում, որ Նա հենց միայն հոգին է ճանաչում մարդու մեջ` որպես Իր ստեղծածը։ Այն, ինչը ստեղծված է Իր պատկերով ու նմանությամբ, որը և միակ թանկագինն է Իր համար այդ էակի մեջ։ Փրկված հոգին Աստծո համար դառնում է ավելի իրական, քան կործանվածը, իսկ ամենամեծ արդարությունը` ներելը, և ոչ թե վրեժ լուծելը մահվան դիմաց։ Համաձայն Նրա կամքի, Կայենը չի կարող սպանվել։ Առանց հոգու փրկության քեզ թողնում ես միայն կենդանի մնալու ջղաձգական ցանկության և պատժի սարսափը։ Սարսափը, այսինքն` պատժի անխուսափելիությունը, չի հանգստացնի հոգին, սակայն կհանգստացնի ներման, ինքնամաքրման հնարավորությունը` կարծես այն բանի վերադարձը, ինչը դուրս էր շպրտվել` արդարության և սիրո անդորրի։ Մարդն ընդունակ է վերածնվելու, իսկ դա նշանակում է, որ ստեղծվածն ընդունակ է վերստեղծելու ինքն իրեն և աշխարհը, որը եղել է իրենից առաջ։ Սակայն արդարության անդորրը, համընդհանուր երջանկությունը դառնում են անհասանելի մարդկանց հարկադրական հավասարության և անհոգության պատճառով։ Դրանք պետք է ի հայտ գան ընդհանուր կամքի անդորրության հետ, բոլորի և յուրաքանչյուրի երջանկության հետ, այլ ոչ թե մարդկանց մեծամասնության հաղթանակով ինչ-որ փոքրամասնության նկատմամբ, այլապես կդառնան պատիժ և վրեժխնդրություն։ Հնարավո՞ր է, արդյոք, հասնել դրան։ Մարդը ծնվում է` ստանալով աշխարհում գործելու ազատություն, իսկ փնտրում է նրանում արդարության անդորր, այսինքն` փնտրում է երկնային դրախտ երկրի վրա, անընդհատ այն վերածելով դժոխքի։ Այդ խնդիրը լուծվում է փրկության հավատքով սիրո և ներման մեջ և ուրեմն լուծվում է, այնուամենայնիվ, ոչ թե մարդկանց ձեռքով, ինչպես և կանչը դրա մասին եկավ ոչ մարդկանցից, այլ ի վերուստ։ ՈՒրեմն, դրախտը գոյություն ունի և հասանելի է, բայց այն հնարավոր չէ ձեռք բերել արդարացիությամբ, այլ կարելի է միայն ստանալ որպես ներում, ու եթե կարելի է ստանալ, ապա որտեղի՞ց, եթե ոչ ի վերուստ։ Նա չի տրվում նույն անկասելիությամբ, որպես կյանքը կամ մահը։ Անդորրի ձեռքբերումը մահվան հետ, մահվան մեջ, հեռացումը այս կյանքից, կրկնում են ըստ էության ծնվելու ակտը, երբ ընդերքն ազատվում է սեփական նմանությունից, իսկ հիմա աշխարհը հնարավոր է` իր նմանակից։ Բայց նրանց, ովքեր մեղքերից կմաքրվեն սիրով և ներումով, ծնունդն ու մահը կտանեն դեպի հարություն և անմահություն։ ՈՒրեմն, կյանքը վերափոխվելու ճանապարհ է, սեփական Արարչին իրապես նմանվելու ուղի։ Կամ` Նրանից հեռանալու ճանապարհ` դեպի ոչնչություն և դժոխք։ Եվ կյանքի այդպիսի շարունակությունը նրանց համար, ում սրտերում պայքարում են սերն ու ատելությունը, նախանձն ու անշահախնդրությունը, ստորությունն ու ամոթը, պետք է լինի շատ ավելի իրական, քան հողի տակից հանած ինչ-որ տեղ հավերժական սառածության մեջ մարդանման կապկի սևացած գանգը և մի քանի քարե գործիքներ աշխատանքի կամ սպանության համար, որոնք հայտնաբերվել են հենց այնտեղ, նրա գերեզմանում, երբ այդ ամենը ցուցադրում են որպես իրեղեն ապացույց այն բանի, որ մարդկության ամբողջ ճանապարհը տանում է միայն այդ նույն կապկի գերեզմանը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ